38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՀԱՐԱՓՈՓՈԽ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԱՐԴԸ ՁԳՏՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ»

«ՀԱՐԱՓՈՓՈԽ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԱՐԴԸ ՁԳՏՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ»
20.03.2012 | 00:00

ՈՒղղում
,Իրատես de factoե-ի այսօրվա համարում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հարցազրույցում թյուրիմացաբար լրագրողի հարցը դարձել է նյութի վերնագիր, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ

-Ընտրություններից ամիսուկես առաջ քաղաքական դաշտը ինչպե՞ս եք տեսնում:
-Լարված, ինչը բնական է, որովհետև բոլոր քաղաքական ուժերը ճշտում են համամասնական ցուցակները, մեծամասնականով առաջադրվող թեկնածուներին: Իրենց որոշակի նրբերանգն են բերում համագումարները, որոնք հստակեցնում են կուսակցությունների դիրքորոշումները, նպատակներն ու խնդիրները առաջիկայում: Փաստորեն, յուրաքանչյուր համագումար նաև հաշվետվություն է իր անդամների ու հանրության առջև:
-Յուրաքանչյուր կուսակցություն զբաղված է իր խնդիրներո՞վ, թե՞ կա նաև քաղաքական ակտիվություն ներկուսակցական խնդիրներից դուրս:
-Ներկուսակցական խնդիրներից դուրս քաղաքական կյանքի ակտիվություն համագումարներից հետո սպասեք: Բնականաբար, այս փուլում ներկուսակցական պայքարն է առաջին պլանում: Մինչև քարոզարշավի սկիզբը պարզ կլինեն բոլոր այն ուժերը, որոնք հավակնում են լինելու խորհրդարանում, կներկայացվեն նրանց ծրագրերը, և արդեն առաջին պլան կգա միջկուսակցական պայքարը: Ես հակված եմ հավատալու, որ ընտրությունները առողջ պայքարում կընթանան: Մենք, որ իշխանություն ենք, վստահ ենք մեր ուժերին, ուզում ենք փոխադարձ հանդուրժողականության ու հարգանքի, առողջ մրցակցության շրջանակներում ծավալվի պայքարը: Ժամանակը ցույց կտա, թե որ կուսակցությունն ինչ ռազմավարություն ու մարտավարություն կորդեգրի: Կարծում եմ` ամենակարևորն ընտրախավի հետ աշխատանքն է, հնարավորինս շատ մարդկանց ընտրություններում ներգրավելը, որպեսզի հասարակության ավանդաբար անտարբեր հատվածը, որ բավականին մեծ է, մասնակցի ընտրություններին:
-ՀՀԿ 13-րդ համագումարը բավարարե՞ց հասարակության ակնկալիքները, շարքային ընտրողը իր հարցերի պատասխանները ստացա՞վ:
-Հիմնականում` այո, շարքային ընտրողը դեռ սպասում է նախընտրական ծրագրերին: Վարչապետի գլխավորությամբ ստեղծված խումբը, որում ներգրավված էին գերատեսչությունների ղեկավարներ, եղավ բոլոր մարզերում` տեղում խնդիրներն արձանագրելու, և այդ աշխատանքի արդյունքների ամփոփումով` արդեն ավարտվում է կուսակցության նախընտրական ծրագրի մշակումը: Շատ կարևոր է, որ բոլոր առաջարկությունները, մտահոգությունները ծրագրում տեղ գտնեն: Մարդիկ սպասում են ծրագրերին, որ շատ նորմալ է` վերջնական կողմնորոշման համար:
-Եթե անցած տարիներին ընտրողը չի կողմնորոշվել, ամիսուկեսում ի՞նչ եք անելու նրա վստահությանն արժանանալու համար:
-Մենք մեր ընտրողն ունենք և միշտ ունեցել ենք, և դա արդյունքն է այն աշխատանքի, որ սկսվել է կայացած ընտրության հաջորդ օրվանից: Երբ ունես բազմաթիվ սկզբնական տարածքային կազմակերպություններ, ամբողջ տարվա ընթացքում աշխատում ես ընդլայնել քո ընտրախավը, հույսդ վերջին օրերի վրա չես դնում: Պարզապես այդ օրերին քեզ կարող են միանալ նրանք, ովքեր մինչ այդ անտարբեր էին և՛ քաղաքականության, և՛ քաղաքական ուժերի նկատմամբ: Այն կուսակցությունը, որ ակտիվ, առարկայական, համոզիչ ու հետևողական ընտրարշավ կանցկացնի, նա էլ կստանա այդ ձայները:
-ՀՀ և ՀՀԿ նախագահի ելույթը համագումարում երեք մասի էր բաժանված, Ձեզ չթվա՞ց, որ այդ մասերը շատ տարբեր են ու մի քիչ էլ Հայաստանին չեն վերաբերում:
-Ոչ, այդ մասերը սերտ շաղկապված էին, և նախագահի այս ելույթը բոլորովին նման չէր այն ելույթներին, որոնց մեր ունկերն ընտելացել են` իբրև արարողակարգային, պաշտոնական ու հավուր պատշաճի հնչող տեսակետների: Ելույթը շատ ծրագրային էր ու բովանդակալից, սակայն, ցավոք, նաև պարզունակ ու մակերեսային մեկնաբանություններ հետևեցին: Սերժ Սարգսյանը հստակ ու կոնկրետ խոսեց արվածի, արտաքին ու ներքին խնդիրների մասին, խոսեց ռեալ, պրագմատիկ, առանց պաճուճանքների: Առանցքայինը ելույթում մարդկային գործոնի շեշտադրումն էր, շատ ենք խոսում փոխվելու, հավատի կարևորության մասին, բայց իրականում եթե մարդը չի սիրում իր երկիրն ու իր գործը, նա ոչինչ չի կարող փոխել: Այս բոլոր գործընթացների հիմքում երկիրը, պետությունը առաջ տանելու մարդկային գործոնն է, որին էլ պիտի սևեռենք մեր ուշադրությունը:
-Դուք փոխվե՞լ եք:
-Հարափոփոխ կյանքում մարդը մշտապես ձգտում է կատարելության, ուստի փոփոխություններն անխուսափելի են: Ձգտումներ ունեցող մարդը առավել նպատակասլաց ու հետաքրքիր է դառնում: Փոխվելը պետք չէ ուղղագիծ հասկանալ. եթե մենք ուզում ենք ավելի լավը դարձնել մեր կյանքը, պիտի ինքներս կատարելագործվենք:
-Իհարկե, ուրեմն մեզ իդեալ է պետք, փոփոխությունը կարող է լինել և՛ դեպի դրականը, և՛ բացասականը: Պիտի արժեհամակարգ լինի, որ փոփոխությունների ճիշտ ուղղություն ապահովվի: ՈՒնե՞նք:
-Իրականում բանաձևը մեկն է` ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է և այդ պահպանողականության մեջ պահպանում է առողջ արժեքներն ու զարգացնում: Մենք պիտի փոխենք մարդկանց մտածողությունը, օրենքները, եթե չեն համապատասխանում կյանքի պահանջներին: Կենսական կարևորություն է ստանում Ազգային ժողովը, որ որպես պետական ինստիտուտ, պիտի լավագույնս կատարի իր խնդիրը` պետության բնականոն զարգացմանն անհրաժեշտ օրենքների մշակումով: Երբ մեր երեխաները կհարգեն պետական ինստիտուտները, կունենանք ավելի պաշտպանված ու հզոր երկիր, իսկ այդ հարգանքն իրենց օրինակով ու դաստիարակությամբ մեծերը պիտի ապահովեն: Հիմնականում մենք ենք մեզ խանգարում: Փոխվելու մեր կարգախոսը որոշ ընդդիմադիրներ ճիշտ չընկալեցին` ասելով, եթե փոխվել եք ուզում, ուրեմն վատն եք: Բայց նայեք հասարակությանը. արդյոք ամեն ինչ այնքա՞ն ճիշտ ու արդար է, որ ոչինչ փոխելու կարիք չկա: Փոփոխությունն ընդհանրական պահանջ է ու վերաբերում է հասարակության յուրաքանչյուր անդամի: Բարեփոխումները մեր կյանքում պիտի խորքային և բովանդակային լինեն, ոչ թե ձևական, որ միջազգային կառույցներին աշխատանք ցույց տանք:
-20 տարի մենք անընդհատ բարեփոխվել ենք, բայց ավելի շատ ձևական, քան իրական են եղել մեր ձևավորած համակարգերն ու մեխանիզմները, որովհետև մեր գիտակցության մեջ դեռ չի կայացել մեր անկախությունը, մենք դեռ սպասում ենք, որ ինչ-որ ուժային կենտրոնում կգտնվեն մեր ներքին ու արտաքին հարցերի լուծումները, ու մենք կապրենք համարյա երջանիկ: Գուցե հենց դա՞ է պետք փոխել:
-Երբ ճանապարհ ենք ընտրում, ասենք` եվրաինտեգրման, պիտի կարևորենք նախ մեր գնահատականները, հետո` իրենց, որ իսկապես շատ կարևոր են, բայց մնում են իրենց փորձի ու իրենց առանձնահատկությունների հիման վրա գտնված, մենք պիտի հետևողականորեն գնանք դեպի մեր նպատակները: Եվրոպական արժեքը մեկ օրում չի ձևավորվել, ունի իր արմատները, մենք պիտի ընտրենք այն արժեքները, որ եղել են մեր անցյալում, որ կենսական են մեզ համար: Իդեալների ու արժեհամակարգի համար սեփական ուղղությունդ ինքդ պիտի ընտրես:
-ՀՀ նախագահն ասում էր` մեզ համար արդեն լուծված խնդիր պիտի լինի, որ մարդն աշխատում է ու իր աշխատանքով կարողանում է արժանավայել ապրել, դա այսօրվա՞ մասին է, թե՞ պայծառ վաղվա:
-Մենք չենք կարող մոլորակից դուրս ապրել, ցավոք, և՛ արտաքին մարտահրավերները, և՛ ներքին բարդությունները մեզ այնպիսի իրավիճակում են դրել, որ անվերջ եղել ենք խոչընդոտներ հաղթահարողի դերում` սկսած շրջափակումից մինչև ճգնաժամ: Մանկամիտ են նրանք, ովքեր չեն տեսնում մեր ձեռքբերումները, եվրոպական զարգացած ու բարեկեցիկ շատ երկրներ այսօր ահավոր վիճակում են, մենք կարողացանք մեր երկիրը սոցիալական ու քաղաքական ցնցումներից զերծ պահել: Այս պայմաններում մենք կարողացանք պետական հատկացումները պահպանել ու ավելացնել: Տնտեսական ճգնաժամը չի կարող ազդեցություն չունենալ մեզ նման երկրի վրա, որը ոչ հաղորդակցուղիներ ունի, ոչ բնական ռեսուրսներ, բայց մենք հաղթահարել ենք այդ ազդեցությունը: Իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց մեր կիսատ թողածը պիտի հասցնենք ավարտին:
-Եթե ռեալ գույքագրենք մեր ունեցածը, ունե՞նք արտագաղթ կասեցնելու, աշխատատեղեր ստեղծելու, կենսամակարդակ ապահովելու, բարոյահոգեբանական մթնոլորտ փոխելու շանսեր:
-Ամենակարևորը բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է, մենք ամեն ինչում ծայրահեղությունների մեջ ենք ընկնում` և՛ լավը, և՛ վատը գնահատելիս: Մենք ունենք ռեսուրսներ, պարզապես շատ ենք իրար խանգարում: Ընդդիմության ներսում իրար խանգարում ենք, իշխանության ներսում խանգարում ենք, հասարակության մեջ` նույնը:
-Գուցե պատճառն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը պատերազմի մեջ է ինքն իր հետ և իր չկայացածության պատճառով ի վիճակի չէ հանդուրժելու կողքին կայացած մեկին:
-Դա արդեն հոգեբանական է` չսիրված երեխայի սինդրոմ, մարդը մինչև կյանքի վերջ որոնում է այն, ինչ չի գտնելու, որովհետև ոչ մի այլ սեր չի փոխարինելու ծնողների սիրուն: Եթե մարդն իր արժեքը գիտակցում է, ինքնաբավ է, երբեք ոչ մեկին չի խանգարում, այլ քայլ առաջ է գնում: Նման մարդիկ պիտի իրենց հետևից տանեն մյուսներին:
-Այսօրվա հասարակության մեջ նման մարդիկ 64-րդական պլանում են, առաջինները նրանք են, ովքեր հարմարվում են, չունեն տաբուներ և իրենց «առաջընթացով» կասեցնում են հասարակական կյանքի առաջընթացը:
-Տարբեր երկրների պատմությունները վկայում են, որ ամեն մի ժամանակաշրջան ունի իր առանձնահատկությունները, պիտի գնահատենք և դա, սխալվելով և սխալներն ուղղելով էլ հնարավոր է առաջ գնալ:
-Սխալների ժամանակը ե՞րբ ենք սպառելու: Վերջերս Ֆլորենցիայում գտնվեց Լեոնարդո դա Վինչիի «Անգիարիի ճակատամարտը» որմնանկարը, որ 510 տարի համարվում էր կորած: Բայց եղել է մի Ջորջո Վազարի, որ քաղաքապետ Պիետրո Սոդերինիի պատվերը կատարելով` իրեն իրավունք չի վերապահել ուրիշի աշխատանքը ոչնչացնել, խնամքով պահպանել է ու որմնանկարել նոր պատ: Քանի՞ Ջորջո Վազարի կա մեր պատմության մեջ, արդեն չեմ հարցնում` քանի՞ Լեոնարդո դա Վինչի:
-Իսկ քանի՞ Լեոնարդո դա Վինչի կա աշխարհում, և` քանի՞ Ջորջո Վազարի: Ես վստահ եմ, որ հայի տեսակը ստեղծող տեսակն է, ոչ ոչնչացնող, թեպետ ոչնչացնողներ ևս մեր մեջ կան: Մեր ներուժը ճիշտ և արդյունավետ չենք օգտագործում: Այսօր Խորենացին ու Թումանյանը, Չարենցը ամենաարդիական գրողներն են` կյանքի բոլոր բնագավառների մասին իրենց գնահատականներով: Պատկերացնո՞ւմ եք` Մինաս Ավետիսյանը որմնանկարեր միջնադարյան որմնանկարների վրա: Լավը միշտ էլ` բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում ու բոլոր ժողովուրդների մեջ, քիչ է եղել:
-Ինչո՞վ եք բացատրում, որ գիտնականները, արվեստի գործիչները օրենսդրական աշխատանքի բուռն մղում են ապրում: ՀՀ խորհրդարանական 20 տարիները վկայում են, որ իրենց ասպարեզներում կայացած մարդիկ լինելով` նման մարդիկ ոչինչ չեն ավելացնում խորհրդարանին:
-Բացարձակապես նման հոսք չեմ տեսնում, բայց այս օրերին շատերից եմ լսում` «Ես պատրաստի պատգամավոր եմ» արտահայտությունը: Կարծում եմ` պատճառը նրանց մեջ չէ, այլ խորհրդարանի. յուրաքանչյուրն իրեն տեսնում է պատգամավոր, որովհետև խորհրդարանի մակարդակն է ընկել: Իրականում գիտնականն ու արվեստագետն ինքնարտահայտման իրական հնարավորություններ ունեն իրենց ոլորտներում, բայց երբ սպառվել ես ու այլևս ասելիք-անելիք չունես, քեզ համար տեղ ես որոնում, որը կարող է և Ազգային ժողովը լինել:
-Հակասություն չկա՞, որ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում գործարարներ չընդգրկելով` մեծամասնականով նրանց խորհրդարան մտնելու հնարավորություն է տալիս:
-Ոչ, նախ` նրանք գործարարությամբ անձամբ չեն զբաղվում, այլ հավատարմագրման են հանձնել իրենց ունեցվածքը, պարզ է նաև, որ Հայաստանում մեծամասնականով պատգամավոր չի կարող դառնալ ոչ ունևոր թեկնածուն: Իհարկե, համամասնական ընտրակարգի առավելությունները ջատագովողները շատ են, բայց 100-տոկոսանոց համամասնականի անցած որոշ երկրներում, օրինակ, Լատվիայում, ցանկանում են վերականգնել հին ընտրակարգը: Յուրաքանչյուր պատգամավոր` անկախ ընտրակարգից, պիտի իրեն համարի յուրաքանչյուր քաղաքացու պատգամավորը և լինի այն գործիչը, ում ամեն ոք իր խնդրով կարող է դիմել:
-Մեզ մոտ պատգամավորը ասֆալտ փռող, դպրոցի տանիք նորոգող, կենցաղային հարցեր լուծող պաշտոնյա է, գուցե պատճառը տեղական ինքնակառավարման մարմիններն են, որ անհրաժեշտ չափով չեն զբաղվում իրենց անմիջական գործերով, և պատգամավորը, որ պիտի քաղաքականություն մշակի, իր կարգավիճակով հավասարվում է սանտեխնիկից մինչև ակադեմիկ շրջագծին:
-Մենք միանգամից չենք կարող բոլոր հարցերը լուծել, իհարկե, այդպես է, բայց ժամանակ է պետք, որ ընկալումը փոխվի, պիտի ինքներս փոխվենք, որ նաև կյանքը փոխվի:
-Բոլորն իշխանություններից են սպասում ազատ, արդար ընտրությունների կազմակերպում, բայց եթե մարդը չի ուզում իր ձայնը վաճառել, ոչ մի իշխանություն, ինչքան էլ վերարտադրման խնդիր ունենա, չի կարող նրան գնել: Արդյո՞ք մեր հասարակությունն այնքան հասուն է, որ ժողովրդավարական ընտրություններում պաշտպանի իր ձայնի իրավունքը:
-Հասարակության հետ պետք է աշխատել, եթե ուզում ենք ազատ, արդար ընտրություններ, պայմաններ պիտի ստեղծենք, որ ընտրողը քաղաքացու իր պարտականությունները կատարի և պատասխանատվության զգացումով վերաբերվի համապետական խնդիրներին: Իշխանության պատասխանատվությունը մեծ է, բայց բոլորն էլ իրենց պատասխանատվության չափն ունեն:
-Հետընտրական ի՞նչ իրադրություն եք կանխատեսում:
-Դժգոհողներ, իհարկե, կլինեն, բայց համոզված եմ, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովը բազմակարծության ավելի մեծ ամբիոն է լինելու և արտախորհրդարանական ուժերն էլ, ներգրավվելով օրենսդրական գործունեության մեջ, կարողանալու են իրենց ընտրողների ձայնը տեղ հասցնել: Եթե դու իշխանություն ես և ուժեղ ես, ցանկանում ես ուժեղ ընդդիմության հետ գործ ունենալ, որպեսզի որոշումները կայացվեն համակողմանի քննարկումներից հետո: Երկխոսությունն է ապահովում նորմալ աշխատանքը, և եթե այդ երկխոսությունը ստացվի, հետընտրական զարգացումները ևս նորմալ կլինեն:
-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:
-Մայիսի 7-ին չգիտեմ, բայց գիտեմ, որ մայիսի 9-ին հաղթանակ եմ տոնելու` Շուշիի ազատագրման 20-ամյակը, տոնելու եմ Ղարաբաղում, ընտանիքիս ու ողջ ժողովրդի հետ` իբրև վերջին 20 տարիների ամենալուսավոր, ամենակարևոր ու հարատև հաղթանակը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ